38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մուսուլմանները` Եվրոպա, եվրոպացի հրեաները` Ռուսաստան

Մուսուլմանները` Եվրոպա, եվրոպացի հրեաները` Ռուսաստան
26.01.2016 | 00:32

Զարմանալի բաներ են տեղի ունենում Ռուսաստանում: Որ ռուս և հրեա ազգային հանրությունները սոսկ հանդուրժում են միմյանց, փոխադարձաբար ներկայացնելով բազում մեղադրանքներ, վաղուց է հայտնի: Ալեքսանդր Սոլժենիցինը նույնիսկ երկհատորյակ էր հրատարակել, փորձելով վերծանել նման «ամպամած» առնչությունների ակունքները:
Բավական է, որ Վլադիմիր Պուտինը Եվրոպայից արտագաղթող հրեաներին բնակության հրավիրեր Ռուսաստան, և «սահմռկած» ռուս նացիոնալիստական հասարակայնությունը թափով ձեռնամուխ եղավ իր առաջնորդի հրեական արմատների հերթական բացահայտմանը: Դե, մայրը Շելոմովա (Շալոմովա) է, Պուտինը մտերիմ ու վստահելի հարաբերությունների մեջ է Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բերլ Լազարի հետ այն աստիճանի, որ վերջինս իրեն թույլ է տալիս հրապարակավ հայտարարել, թե Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի ոչ մի ղեկավար երբեք այնքան շատ բան չի արել հրեաների համար, որքան Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Աննախադեպ: Առհասարակ Պուտինի «հրեացման» կողմնակիցները այնքան թունոտ են դառնում, որ դժվարանում ես իրարից զատել իրականն ու կեղծը:
Սակայն սա մի կողմ դնենք: Ռուսաստանի հրեաների հետ Պուտինը մեծ խնդիրներ ունեցավ, երբ ստանձնեց նախագահի պաշտոնը: Ելցինի ժամանակ քաղաքական ու տնտեսական հսկայական ազդեցություն ձեռք բերած հրեա օլիգարխները ինքնավստահ ու անսեթևեթ հակադրվեցին նրան, փորձելով պահպանել իրենց արտոնյալ դիրքերը: Եվ տանուլ տվեցին. նորաթուխ նախագահը առավել լպիրշ հաստաքսակներին վռնդեց երկրից, իսկ իր պաշտոնին անսքող հավակնողին բանտ նստեցրեց: Դրանից հետո Պուտին-հրեաներ փոխհարաբերությունները բնութագրվում են ներկայիս ամենամոդայիկ բառով՝ հանդուրժողականությամբ՝ տոլերանտությամբ:
Բայց ահա օրերս Եվրոպական հրեական կոնգրեսի ներկայացուցիչների հետ Պուտինի նոր հանդիպումը բավականին արտասովոր էր, եթե չասենք` էկզոտիկ: Բացահայտ էր, որ եվրոպացի հրեաները հատուկ եկել են Մոսկվա հայցելու անցյալ տարի Իսրայելում ամենահանրաճանաչ քաղաքական գործիչ հռչակված մարդու օգնությունն ու աջակցությունը, քանզի, ինչպես ասաց նշված միավորման նախագահ Վյաչեսլավ Կանտորը, հրեաների վիճակը Եվրոպայում «վատթարագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», և որ հրեաները պարզապես փախչում են երբեմնի բարենպաստ աշխարհամասից: Կանտորը նույնիսկ համեմատության կարգով նշեց, որ հրեաները ավելի շատ արտագաղթում են Ֆրանսիայից, քան քաղաքացիական պատերազմով համակված ՈՒկրաինայից: Բնականաբար որպես խիստ բացասական խթանիչ գործոն հիշատակվեց մուսուլման փախստականների օրեցօր մեծացող հոսքը: Թեև, Կանտորի խոսքերով, սոցիալ-տնտեսական ճգնաժամերի ժամանակ առաջին հերթին գլուխ են բարձրացնում իրենց «ավանդական» թշնամիները՝ նացիոնալիստներն ու ծայրահեղ աջերը: Այսօր եվրոպացի հրեաները արդեն վախենում են փողոց դուրս գալ իրենց ազգային տարազներով ու կեցվածքով:
Կոնգրեսի ներկայացուցիչները իրավիճակը համարեցին աղետալի: Հրեական համայնքներն իրենք իրենց պաշտպանել չեն կարող, իսկ եվրոպական երկրների մեծ մասը անտիսեմիտիզմը զոհաբերում է ընտրողների էլեկտորալ նախապատվություններին:
Եվ այստեղ նրանց ուշադիր լսող Վլադիմիր Պուտինը կիսաժպիտով, գուցե և կիսահեգնանքով դիմեց ներկաներին. «Թող գան մեզ մոտ: Խորհրդային Միությունից նրանք հեռանում էին, հիմա էլ թող հետ գան»: Անակնկալ հրավերից ապշած Կանտորն առաջարկությունը համարեց «ֆունդամենտալ» և խոստացավ այն անհապաղ քննարկել իր ղեկավարած կազմակերպության առաջին իսկ նիստում:
Կարելի է ասել, որ ռուսաստանյան լիբերալ լրատվամիջոցները առանձնապես չմեկնաբանեցին այս իրադարձությունը, բավարարվելով սոսկ հանդիպման նկարագրական արձանագրումով: Բայց փոխարենն ընդվզեց ռուս նացիոնալիստական մամուլը: Ռուսները հատկապես չեն ներում հրեաների ծայրահեղ բացասական դերը անցյալ դարի երկու խոշորագույն իրադարձություններում՝ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակ, երբ կործանվեց Ցարական կայսրությունը, և ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ, երբ վերացավ խորհրդային կայսրությունը:
Ինչևէ: Սակայն երբ ծանոթանում ես Ռուսաստանում լույս տեսնող հրեական ռուսալեզու թերթերին, ապա առանձնակի ոգևորություն չես նկատում Պուտինի այդ հայտարարության կապակցությամբ: Հրեատյացությունը Ռուսաստանում բնավ էլ չի զիջում եվրոպականին, նշում են հրեա մեկնաբանները, և ո՞րն է իմաստը մի վտանգավոր իրավիճակը փոխարինելու համանմանով: Ավելի ճիշտ է մեկնել ավետյաց երկիր՝ Իսրայել: Ծայրահեղ դեպքում՝ Ամերիկա:
Մնում է միայն մեջբերել մի տեսակետ, որը թերևս ամենաիրականն է: Հաշվի առնելով Ռուսաստանի և անձամբ իր նկատմամբ Արևմուտքի կողմից գործադրվող հզոր ճնշումը, Վլադիմիր Պուտինը փորձ է անում շահել հրեաների աջակցությունը: Ինչ էլ լինի, Ռոտշիլդների ու Ռոկֆելլերների ցեղը շարունակում է ֆինանսատնտեսական-քաղաքական ազդեցիկ ուժ մնալ աշխարհի մակարդակով:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 19379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ